Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի փորձագետները մասնակցել են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի 25-րդ տարեկան աշխատաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 6-7-ը մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 25-րդ տարեկան աշխատաժողովին, որն այս տարի անց է կացվել առցանց ձևաչափով:
Հանդիպմանը մասնակցում էին եվրոպական շուրջ երեք տասնյակ երկրների Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ, ովքեր հանդես եկան ոլորտին առնչվող արժեքավոր զեկույցներով՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գործնական, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։
Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ձայնի միջոցով անձի նույնականացման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններում արհեստական բանականության կիրառման առանձնահատկություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերին։
Աշխատաժողովի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր: Առցանց քվեարկության արդյունքում որոշվեց FSAAWG-ի հաջորդ տարեկան աշխատաժողովը կազմակերպել Խորվաթիայում:
Հիշեցնենք, որ ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) նախորդ՝ 24-րդ տարեկան աշխատաժողովը 2023-ի հոկտեմբերին կազմակերպվել էր Հայաստանում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։
08 November 2024